Պուտին–Թրամփ 90-րոպեանոց զրույց. մայիսի 9-ի հնարավոր հրադադար և Իրանի շուրջ քննարկումներ

Ապրիլի 29-ին, Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, կայացել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մոտ մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը «դրական է գնահատել Զատկի տոնների առթիվ հրադադարը», իսկ Պուտինը «այդ համատեքստում մայիսի 9-ին հրադադար հայտարարելու պատրաստակամություն է հայտնել»։
Բրիտանական The Telegraph-ի փոխանցմամբ, Սպիտակ տանը իր պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը հիշեցրել է ֆաշիզմի դեմ համատեղ հաղթանակը և նշել, որ ԱՄՆ-ը և Միացյալ Թագավորությունը պարտավոր են միասնաբար կանգնել «Ուկրաինայի և նրա խիզախ ժողովրդի կողքին»։
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը լրագրողներին ասել է, որ Ուկրաինան «արդեն փաստացի պարտվել է», իսկ այնտեղ պատերազմը «կարող է ավելի վաղ ավարտվել, քան՝ Իրանում»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռևս չի արձագանքել Ռուսաստանում զորահանդեսի օրը հրադադար հաստատելու առաջարկին։
Ուշակովի խոսքով՝ հեռախոսազրույցի առանցքային թեմաներից էր նաև Իրանի շուրջ իրավիճակը։ Նրա ասելով՝ Ռուսաստանի նախագահը «զգուշացրել է ռազմական գործողությունների շարունակության կործանարար հետևանքների մասին» և ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի կարգավորման մի քանի տարբերակներ։
Տպավորություն է, որ ուկրաինական և իրանական ճգնաժամերի ֆոնին Պուտինը և Թրամփը «դեմք փրկելու» համար ընտրել են միմյանց ապահովագրելու տարբերակը։ Ընդ որում, երկուսն էլ խնդիրներ ունեն ոչ միայն արտաքին, այլև ներքաղաքական դաշտում. սեպտեմբերին Ռուսաստանում սպասվում են պետական դումայի, իսկ նոյեմբերին՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, և երկուսն էլ ունեն վարկանիշային կորուստներ։
Մամուլի տեղեկություններով՝ Թրամփի թիմը «տրոհման եզրին» է, իսկ նման վտանգի առաջ է կանգնած նաև Պուտինը։
Ըստ իրազեկ որոշ աղբյուրների՝ վարչապետ Միշուստինը, տնտեսական բլոկի նախարարները և Կենտրոնական բանկի նախագահ Նաբիուլինան կողմ են Ուկրաինայում առանց նախապայմանների հրադադարի հաստատմանը, մինչդեռ արտգործնախարար Լավրովը, Պուտինի օգնական Պատրուշևը, ինչպես նաև հատուկ ծառայությունների ղեկավարներ Բորտնիկովը և Նարիշկինը պահպանում են «մինչև վերջնական հաղթանակ» դիրքորոշումը։
Պուտին–Թրամփ հեռախոսազրույցը հաջորդել է Իրանի արտաքին գործերի նախարարի այցին Ռուսաստան։ Հավանական է, որ ՌԴ նախագահը Թրամփին փոխանցել է իրանական կողմի առաջարկությունները։ Սակայն երաշխիք չկա, որ ԻՀՊԿ հրամանատարությունը վաղը կրկին «իդիոտ» չի անվանի Արաղչիին և չի չեղարկի Պուտինի հետ նրա ձեռք բերած որևէ պայմանավորվածություն։
