Պետեր Մադյարը չի բացառում Նեթանյահուի ձերբակալումը նրա այցի դեպքում Հունգարիա

Հունգարիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու պատրաստվող Պետեր Մադյարը հայտարարել է, որ չի բացառվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալումը, եթե նա այցելի Հունգարիա։ Նա խոսել է Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում՝ ընդգծելով, որ իր կառավարությունը մտադիր է պահպանել երկրի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ).
Պատասխանելով հարցին՝ արդյոք Նեթանյահուն կարող է ձերբակալվել Հունգարիայում, Մադյարը նշել է. «Եթե ինչ-որ մեկը Միջազգային քրեական դատարանի անդամ է, և հետախուզման մեջ գտնվող անձը ժամանում է մեր երկրի տարածք, նա պետք է ձերբակալվի»։ 2024 թ.
նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրաման է տվել՝ Գազայի հատվածում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների համար։ Դրանից հետո ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ ԵՄ բոլոր անդամ երկրները պետք է կատարեն Միջազգային քրեական դատարանի հրամանագրերը, այդ թվում՝ Նեթանյահուի ձերբակալման հրամանագիրը։
2025 թ. ապրիլին՝ Նեթանյահուի ձերբակալման հրամանից հետո, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Միջազգային քրեական դատարանից իր երկրի դուրս գալու մասին՝ պնդելով, որ միջազգային այդ դատական մարմինը վերածվել է քաղաքական գործիքի։ Դրանից հետո Նեթանյահուն այցելել է Բուդապեշտ, որտեղ հանդիպում է անցկացրել Օրբանի հետ։
Մադյարի հայտարարությունը հնչեց այն ֆոնին, երբ Հունգարիայի ՄՔԴ-ին անդամակցության հարցը դարձել է ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգի կարևոր թեմա։ Նրա խոսքով՝ նման ձերբակալություն հնարավոր կլինի այն դեպքում, եթե Հունգարիան շարունակի մնալ դատարանի անդամ և հետախուզվող անձը գտնվի երկրի տարածքում։
