Շինարարական ծրագրերը Սյունիքում և Վայոց ձորում՝ Եղիազար Վարդանյանի հսկողության ներքո

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ մարզերում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին անձամբ ծանոթացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ Նա շրջայց է կատարել մի քանի դպրոցների շինհրապարակներում, որտեղ ընթացքի մեջ են նորոգման ու կառուցման աշխատանքներ՝ ստուգելով առաջընթացը և սահմանելով հստակ ժամկետներ ավարտի համար։
Շրջայցին մասնակցել են կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների, կապալառուների, նախագծային և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև դպրոցների տնօրենները։ Վայոց ձորի մարզում Վարդանյանը այցելել է Շատինի և Գորայքի միջնակարգ դպրոցներ, որտեղ նորոգման աշխատանքներն ընթանում են «գոհացուցիչ տեմպերով», ընդ որում՝ ծրագրերը կարող են ավարտվել նախատեսված ժամկետից շուտ։
Ըստ կոմիտեի տարածած հաղորդագրության՝ արդեն ավարտվել են տանիքների նորոգման աշխատանքները, իսկ ներքին հարդարման գործընթացը շարունակվում է։ Եղանակային պայմաններից կախված՝ ընթանում են նաև արտաքին բարեկարգման աշխատանքները։
Հաջորդ կանգառը եղել է Չիվայի միջնակարգ դպրոցի շինհրապարակը, որտեղ նախկին կապալառուի հետ պայմանագիրը լուծարելուց հետո նոր շինարարական ընկերությունը զուգահեռաբար իրականացնում է ուժեղացման, ներքին հարդարման, օդափոխության ու ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ։
Վարդանյանը կապալառուներին հստակ ժամկետներ է սահմանել ավարտի համար և հանձնարարել ավելացնել աշխատողների թվաքանակը՝ ծրագրի բարեհաջող ավարտը ապահովելու համար։ Սյունիքի մարզում կոմիտեի ղեկավարը ստուգել է Դարբասի միջնակարգ դպրոցի շինհրապարակը, որտեղ ընթացքի մեջ են ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքները։
Այնուհետև նա այցելել է Նորավանի կրթահամալիրի կառուցման վայր, որտեղ իրականացվում են տանիքի ծածկի տեղադրման աշխատանքներ։ Վարդանյանը կրկին ընդգծել է աշխատանքների բարձր որակի և սահմանված ժամկետներում ավարտելու կարևորությունը՝ հավելելով, որ կոմիտեն շարունակելու է վերահսկել պահանջների կատարման ընթացքը։
