ՆԳՆ կրթահամալիրն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը համագործակցության հուշագիր ստորագրեցին

Ներքին գործերի նախարարության կրթահամալիրը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մարտի 18-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է բազմակողմ համագործակցություն մի շարք ուղղություններով։ Համաձայն ՆԳՆ տարածած տեղեկատվության՝ հուշագրի շրջանակներում նախատեսվում է համատեղ աշխատանքներ իրականացնել կրթական ծրագրերի կատարելագործման, ստանդարտացված կրթական մոդուլների մշակման և վերապատրաստման գործընթացների աջակցության ոլորտներում։
Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը նշել են, որ հուշագրի ստորագրումը համագործակցությունը տեղափոխում է ավելի համակարգված և արդյունավետ փուլ։ Նրանք ընդգծել են, որ համատեղ նախաձեռնությունները կնպաստեն հիմնադրամի գիտելիքի և փորձի ինտեգրմանը կրթական գործընթացներում, ինչպես նաև նոր դասընթացների մշակմանը և առկա ծրագրերի կատարելագործմանը։
Համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաև համատեղ հետազոտություններ անցկացնել, ինչը երկու կառույցներին հնարավորություն կտա ակտիվ դերակատարում ունենալ ակադեմիական գիտելիքի զարգացման և փաստահենք քաղաքականությունների մշակման գործում։
Բացի այդ, հուշագիրը նպատակ ունի խթանել ուսանողների, հետազոտողների և մասնագետների միջև գիտելիքի փոխանակումը, ինչպես նաև մասնագիտական կապերի ձևավորումը և ամրապնդումը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
