Նավթի գներն ընկել են երկրորդ օրն անընդմեջ Թրամփի Իրանի վերաբերյալ ակնարկներից հետո

Նավթի գներն արդեն երկրորդ օրն անընդմեջ նվազում են՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկեց Իրանի հետ պատերազմն ավարտելու և հնարավոր խաղաղության համաձայնագրի ձեռքբերման մասին։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 1,89 դոլարով կամ 1,7%-ով՝ հասնելով բարելի դիմաց 107,98 դոլարի։
Ամերիկյան West Texas Intermediate (WTI) տեսակի ֆյուչերսները նվազել են 1,83 դոլարով կամ 1,8%-ով՝ հասնելով 100,44 դոլարի՝ նախորդ օրվա 3,9% անկումից հետո։ Երեքշաբթի օրը Թրամփն անսպասելիորեն հայտարարեց, որ կարճ ժամանակով կդադարեցնի Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման գործողությունը՝ վկայակոչելով Իրանի հետ համապարփակ համաձայնագրի հարցում առաջընթացը, սակայն համաձայնագրի վերաբերյալ մանրամասներ չներկայացրեց։
Թեհրանից դեռևս անմիջական արձագանք չի եղել։ LSEG-ի նավթի գծով ավագ հետազոտող Ան Ֆամը նշել է, որ այս ազդանշանը կարող է վկայել դեէսկալացիայի հնարավորության մասին և հույսեր ներշնչել Ծոցում մնացած նավերի ազատման հարցում, ինչը կարող է աստիճանաբար շուկա վերադարձնել մատակարարումները։
Ֆամը հավելել է, որ գները շարունակում են բարձր մնալ՝ թե Brent-ը, թե WTI-ը բարելի դիմաց գերազանցում են 100 դոլարը, քանի որ խաղաղության համաձայնագրի հեռանկարները դեռ անորոշ են, իսկ առևտրային հոսքերի լիարժեք վերականգնումը ժամանակ կպահանջի նույնիսկ համաձայնագրի կնքման դեպքում։
