Մոսկվան խստացնում է անվտանգությունը Մայիսի 9-ի շքերթից առաջ, Պեսկովը մատնանշում է Ուկրաինայից սպառնալիք

Մայիսի 9-ի՝ նացիստական Գերմանիայի նկատմամբ ԽՍՀՄ հաղթանակի օրը նշվելուց առաջ Ռուսաստանը խստացնում է անվտանգության միջոցառումները: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ կարևոր տոների նախաշեմին համապատասխան ծառայությունները միշտ էլ ձեռնարկում են հավելյալ քայլեր, իսկ այս տարի դրանք ուժեղացված են՝ հաշվի առնելով «բավականին բարդ օպերատիվ իրավիճակը և Ուկրաինայից ահաբեկչական սպառնալիքը»։
Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե Ռուսաստանում «վախենում են», որ Մայիսի 9-ի «շքերթի պահին Կարմիր հրապարակի վրայով անօդաչուներ կթռչեն»։
Այդ ֆոնին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտնել էր, որ դիվանագիտական ներկայացուցչություններին նախազգուշացրել է՝ հնարավորինս արագ տարհանել անձնակազմը Կիևից՝ հավելելով, որ եթե Հաղթանակի օրվա միջոցառումները խափանվեն Կիևի կողմից, Մոսկվան ի պատասխան լայնածավալ հարված կհասցնի այդ քաղաքին։
Պաշտոնական հաղորդագրություններում նշվել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարվի։ Ի պատասխան՝ Ուկրաինան հայտարարել էր մայիսի 5-ի լույս 6-ի գիշերվանից անժամկետ հրադադար հաստատելու առաջարկի մասին՝ կոչ անելով Ռուսաստանին փոխադարձաբար արձագանքել դրան։
Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթն, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության, այս տարի տեղի կունենա առանց ռազմական տեխնիկայի՝ 2007 թվականից ի վեր առաջին անգամ։ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից չորս տարի անց, ինչպես նշվում է, Ուկրաինան համալրել է հեռահար զինատեսակների զինանոցը՝ ընդլայնելով ինչպես անօդաչու թռչող սարքերի, այնպես էլ հրթիռների արտադրությունը։
