Մերձավոր Արևելքի հարցերը քննարկվել են Մասկատում՝ Միրզոյանի գլխավորությամբ

Մարտի 19-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում մեկնարկել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը, որը գլխավորել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հավաքին մասնակցել են արաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանները, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանը և ԱԳՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներ։
Քննարկումների կենտրոնում եղել են Մերձավոր Արևելքում ընթացիկ իրավիճակը, տարածաշրջանային զարգացումների հիմնական միտումները և դրանց հնարավոր հետևանքները։ Դեսպանները ներկայացրել են հավատարմագրման երկրներում առկա քաղաքական ու տնտեսական իրողությունները, ինչպես նաև Հայաստանի շահերը պաշտպանելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանում կայունության ապահովման և հակամարտությունների լուծման հնարավոր ուղիների շուրջ։ Արարատ Միրզոյանը անդրադարձ է կատարել Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև գործընկերությունների հետագա զարգացման հեռանկարներին։
Նախարարը շեշտել է տարածաշրջանում Հայաստանի դիրքորոշման կարևորությունը և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Հավաքի ընթացքում քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Հայաստանի քաղաքացիների անվտանգությանն ու վերադարձին առնչվող հարցեր։
Մասնակիցները անդրադարձել են այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին և առաջիկայում նախատեսվող քայլերին։
