Մանկական նստատեղերի օգտագործումը 71–82%-ով նվազեցնում է երեխաների վնասվածքների ռիսկը

Ավտովթարների հետևանքով ամեն տարի հազարավոր երեխաներ վնասվածքներ են ստանում, սակայն մանկական նստատեղերի կիրառումը կարող է զգալիորեն կրճատել ռիսկը։ Տվյալների համաձայն՝ դրանք վթարի պահին երեխաների վնասվածքների հավանականությունը նվազեցնում են 71–82%-ով, իսկ անվտանգության ամրագոտիների օգտագործումը կիսով չափ է նվազեցնում մեծ տարիքի երեխաների և մեծահասակների լուրջ վնասվածքների ռիսկը։
Մանկական նստատեղի ճիշտ ընտրությունն ու տեղադրումը կարևոր նախապայման են երեխաների անվտանգ երթևեկությունը ապահովելու համար։ Անհրաժեշտ մոդելը պետք է ընտրվի մի շարք գործոններից ելնելով՝ երեխայի տարիք, հասակ, քաշ և զարգացման առանձնահատկություններ։ Մանկաբույժների ամերիկյան ասոցիացիան առաջարկում է բոլոր նորածիններին տեղափոխել դեմքով դեպի հետ ուղղությամբ՝ սկսած ծննդատնից տուն տեղափոխվելու պահից մինչև 2–3 տարեկանը։
Ինչպես նշվում է, դեմքով դեպի առաջ դիրքում վթարի ժամանակ հարվածող ուժերը կենտրոնանում են գլխի և ողնաշարի պարանոցային հատվածի վրա՝ բարձրացնելով գանգուղեղային և ողնաշարի վնասվածքների հավանականությունը։ Դեմքով դեպի հետ դիրքում այդ ուժերը համաչափ բաշխվում են ողջ ողնաշարի երկայնքով՝ նվազեցնելով վնասվածքի ռիսկը։
Դեմքով դեպի առաջ նստատեղը խորհուրդ է տրվում կիրառել 3–7 տարեկանների համար։ Գործող օրենսդրության համաձայն՝ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար մեքենայում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական նստատեղով, իսկ 7-ից 12 տարեկանների դեպքում՝ երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական նստատեղի կամ անվտանգության ամրագոտու միջոցով։
Նման պահանջների պահպանումը, ինչպես նաև նստատեղի ճիշտ ընտրությունն ու տեղադրումը, էական են վթարների հետևանքների նվազեցման համար։
