Մակրոնը նոր զրույց է ունեցել Փեզեշքիանի հետ, շեշտել է Հորմուզով ազատ նավագնացության կարևորությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նախօրեին հայտարարեց, որ կրկին խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և վերահաստատել Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության կարևորությունը։ Նա հավելեց, որ Իրանի նախագահին կոչ է արել դիտարկել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկած ծրագրերը՝ ստեղծելու միջազգային առաքելություն, որը հիմք կդառնա նեղուցով անվտանգ անցում ապահովելու համար։
«Իրանի նախագահին կոչ եմ արել օգտվել այս հնարավորությունից և մտադիր եմ այդ հարցը քննարկել նախագահ Դոնալդ Թրամփի հետ», X-ում գրել է Մակրոնը։ Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը, միջազգային օրենքների շրջանակում, պատրաստ է լրջորեն շարունակել դիվանագիտական ուղիները՝ պատերազմին վերջ տալու և իրանցի ժողովրդի իրավունքների իրացման համար։
Ավելի վաղ Մակրոնը կոչ էր արել ԱՄՆ-ին և Իրանին համատեղ վերաբացել Հորմուզի նեղուցը՝ ընդգծելով, որ դա «միակ լուծումն» է, որը թույլ կտա նեղուցի մշտական վերաբացում, ազատ նավարկության ապահովում և դա անել առանց սահմանափակումների կամ վճարների։ Պատերազմի սկսվելուց ի վեր Իրանը խիստ սահմանափակել է այս կենսական նշանակություն ունեցող ջրուղով երթևեկությունը, որի միջոցով պատերազմի առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը։
ԱՄՆ-ն իր հերթին շրջափակել է իրանական նավահանգիստները։
