Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում. կառավարությունը 393 մլն դրամ կհատկացնի համերգին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին, պետական այցի ընթացքում, կայցելի Գյումրի և կմասնակցի մեծ համերգի։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության այսօրվա նիստին ներկայացված նախագծերից, ըստ որոնց համերգի կազմակերպման համար նախատեսվում է հատկացնել մոտ 393 միլիոն դրամ (ավելի քան մեկ միլիոն դոլար).
Կառավարական որոշման նախագծի համաձայն՝ համերգը կանցկացվի Գյումրիի Վարդանանց հրապարակում և նվիրված կլինի Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը ու մշակութային համագործակցության խորացմանը։ Ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի հայտնի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ.
Գյումրին որպես հարթակ ընտրվել է, քանի որ, կառավարության հիմնավորմամբ, քաղաքում մեծ է հետաքրքրությունը ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի նկատմամբ։ Դա պայմանավորված է, այս գնահատմամբ, 1988 թվականի երկրաշարժից հետո քաղաքի վերականգնմանը Ֆրանսիայի ժողովրդի և կառավարության աջակցությամբ.
Կառավարությունից հայտնում են, որ Մակրոնը Հայաստան կժամանի մայիսի 3-5-ը։ Այցի շրջանակում նա նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Հաղորդվում է, որ նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Փաշինյանը և Մակրոնը հանդես կգան հայտարարություններով ԶԼՄ-ների համար։ Ֆրանսիայի նախագահը կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ.
