Մակրոնը Ծիծեռնակաբերդում հարգեց զոհերի հիշատակը և գրառում թողեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեղեկացնում է, որ պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այցի շրջանակում Մակրոնը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Հուշահամալիրում Ֆրանսիայի նախագահի պատվիրակությանը դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Այնուհետև պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հյուրերը մոտեցել են Հուշապատին, որտեղ զետեղված են փոքր սափորներ՝ լցված այն մտավորականների, քաղաքական և հասարակական գործիչների գերեզմանների հողով, ովքեր իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Հայոց ցեղասպանության դեմ։ Էքսկուրսավարը՝ Հասմիկ Մարտիրոսյանը, ներկայացրել է այդ անունները՝ առանձնացնելով ֆրանսիացիներ Անատոլ Ֆրանսի և Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեությունը։
Այցի ավարտին Ֆրանսիայի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
