Հրդեհ Երևանում՝ Կուրղինյան փողոցի բազմաբնակարանում. տարհանվել է 20 քաղաքացի, 4-ը հոսպիտալացվել է

Երևանում գիշերային հրդեհը տարհանման է հանգեցրել. մայիսի 3-ին, ժամը 03:38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կուրղինյան փողոցի շենքերից մեկում։ Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության, տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել է։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:29-ին, մարվել՝ 04:40-ին։ Այրվել են հյուրասենյակը, խոհանոցը, միջանցքը և պատշգամբը՝ գույքով, իսկ երկու սենյակ ջերմահարվել է։ Ջերմահարվել են նաև 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջակաները։
Հրդեհի հետևանքով թափված բեկորներից վնասվել է շենքի մոտ կայանած Nissan մակնիշի ավտոմեքենան։ Փրկարար ծառայությունն ընդգծում է, որ հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը շենքի մյուս հատվածներ։
