ՀԷՑ-ի սեփականատերերը չեն ընդունելու կառավարության՝ մոտ 380 հազար դոլարով օտարման առաջարկը

Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքը չի ընդունելու կառավարության ներկայացրած առաջարկը, որը հաշվարկների արդյունքում ընկերության համար թողնում է մոտ 380 հազար դոլար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը առաջարկել է ՀԷՑ-ը գնել 23.3 միլիարդ դրամով (մոտ 62 միլիոն 300 հազար դոլար)՝ պայմանով, որ Կարապետյանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացված շահաբաժինները՝ 23 միլիարդ 158 միլիոն դրամը։ Այս հաշվարկով առաջարկվող գործարքից ՀԷՑ-ի համար կմնա շուրջ 380 հազար դոլար: «Իհարկե չենք ընդունելու առաջարկը»,— ասաց Ղազինյանը՝ այն որակելով անընդունելի և կոշտ քննադատություն հնչեցնելով առաջարկի հասցեին։
Գործընթացին միջամտել է նաև Վարչական դատարանը՝ արգելելով մինչև մայիսի 25-ը իրականացնել ՀԷՑ-ի բաժնետոմսերի օտարումը։ Դատարանը նման որոշում է կայացրել, քանի որ ընկերության սեփականատերերը պահանջել էին, որ կառավարությանը իրենց պատասխանելու եռամսյա ժամկետը լիարժեք պահպանվի։
Ըստ սահմանված կարգի, եթե Կարապետյանի ընտանիքն ու կառավարությունը չհասնեն համաձայնության ներկայացված առաջարկի շուրջ, կարող է սկսվել ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացը։ Այդ ընթացակարգը ևս ենթադրում է փոխհատուցում սեփականատերերին, սակայն դրանից հրաժարվելու հնարավորություն սեփականատերը չի ունենա և կարող է միայն արբիտրաժային դատարանում վիճարկել փոխհատուցման չափը։
