Հայաստանում 2025-ին հանցագործությունների թիվը նվազել է, բացահայտման տոկոսը բարձրացել՝ Դատախազության տվյալներով

Գլխավոր դատախազությունն իր պաշտոնական կայքում, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հրապարակել է 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Ըստ այդ տվյալների, տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 40.722 հանցագործություն՝ 2024 թվականի 42.057-ի փոխարեն։
Բացահայտման ցուցանիշը 2025-ին կազմել է 29,7%՝ նախորդ տարվա 22,8%-ի դիմաց, այսինքն՝ աճել է 6,9%-ով։ Ընդհանուր հանցագործությունների թիվը 2024-ի համեմատ նվազել է 1335-ով կամ 3,2%-ով։ Երևան քաղաքում արձանագրվել է 18.857 հանցագործություն՝ 2024 թվականի 19.877-ի փոխարեն։
Տեսակային կտրվածքով՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 1516-ով կամ 7%-ով (2024-ին՝ 21.557, 2025-ին՝ 20.041), միջին ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 795-ով կամ 6,2%-ով (2024-ին՝ 12.790, 2025-ին՝ 13.585), ծանր հանցագործությունները նվազել են 486-ով կամ 8,6%-ով (2024-ին՝ 5630, 2025-ին՝ 5144), իսկ առանձնապես ծանր հանցագործությունները (առանց հանկարծամահությունների) աճել են 65-ով կամ 10,9%-ով (2024-ին՝ 596, 2025-ին՝ 661)։
Հաշվետվության համաձայն, արձանագրված 40.722 դեպքերի բացարձակ մեծամասնությունը՝ 82,6%-ը, բաժին է ընկնում նվազ հանրային վտանգավորություն ներկայացնող ոչ մեծ (20.041 դեպք կամ 49,2%) և միջին ծանրության (13.585 դեպք կամ 33,4%) հանցագործություններին։ Միևնույն ժամանակ, հանցավորության ընդհանուր ծավալի մեջ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռը նվազել է 0,9%-ով՝ 2024 թվականի 18,3%-ից հասնելով 2025 թվականի 17,4%-ի։
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է 1650-ով կամ 13,7%-ով՝ 12.050-ից հասնելով 10.400-ի։ Երևանում այդ դեպքերը կրճատվել են 653-ով կամ 8,9%-ով՝ 7338-ից հասնելով 6685-ի։
Ներքին գործերի նախարարության ոստիկանության հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի տվյալներով՝ նվազել են նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ կատարված հանցագործությունները՝ 2024-ի 1918-ից 2025-ին 1772 (նվազում՝ 146 դեպք կամ 7,6%)։ Խուլիգանության դեպքերը նվազել են 100-ով կամ 11,4%-ով՝ 877-ից հասնելով 777-ի։
Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում աճել են թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները։ Արձանագրվել է 4170 դեպք՝ 2024-ի 3485-ի դիմաց (աճ՝ 685 դեպք կամ 19,7%)։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կազմել են 3631՝ 2024 թվականի 3017-ի դիմաց (աճ՝ 614 դեպք կամ 20,4%)։
Դրանցից իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպքերը եղել են 2176, ինչը 2024 թվականի 1933-ի համեմատ աճել է 243-ով կամ 12,6%-ով։ Թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը, սակայն, նվազել են՝ 225-ի, նախորդ տարվա 322-ի փոխարեն (նվազում՝ 97 դեպք կամ 30,1%)։
