Հայաստանը հաստատել է կանանց իրավունքների պաշտպանության իր պարտավորությունները ՄԱԿ-ում

Մարտի 9-ից 19-ը Նյու Յորքում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (CSW) 70-րդ նստաշրջանը, որը նվիրված էր կանանց և աղջիկների համար արդարադատության հասանելիության ապահովմանն ու ամրապնդմանը։
Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ում հայտնել է, որ ՀՀ պատվիրակությունը ակտիվ մասնակցություն է ունեցել նստաշրջանի աշխատանքներին՝ ելույթներ ունենալով ընդհանուր քննարկումներում, նախարարական կլոր սեղանին և «Կանանց ու աղջիկների նկատմամբ բռնություն» թեմայով բարձրաստիճան հանդիպմանը։
Պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում և ներկայացրել գենդերային հավասարության ապահովման ոլորտում արձանագրված առաջընթացը։
Նստաշրջանի շրջանակներում կազմակերպվել է նաև «CSW պարտավորություններից դեպի CBD COP17՝ գենդերային հավասարության առաջընթաց կենսաբազմազանության գործողությունների համար» խորագրով միջոցառում, որի ընթացքում քննարկվել են գենդերային հավասարության և կենսաբազմազանության օրակարգերի փոխկապվածության խորացման հնարավորությունները։
Միջոցառումը համակազմակերպվել է Միացյալ Թագավորության ու Ֆիլիպինների մշտական ներկայացուցչությունների, ՄԱԶԾ-ի, ՄԱԿ Կանայք և ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հետ։
