Հակակոռուպցիոն կոմիտե․ ընտրակաշառքի գործերով 6 կալանավորում, մեկը՝ տնային կալանք

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձերբակալվածներից վեցը կալանավորվել են, իսկ ևս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք։ Կոմիտեն վերջին երկու օրերին հրապարակել է նաև տեղեկություններ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը վերագրվող ընտրակաշառքի նոր գործերի և նոր ձերբակալությունների մասին։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, փետրվարից առ այսօր «Ուժեղ Հայաստան»-ի անդամների և աջակիցների նկատմամբ հարուցվել է յոթ առանձին քրեական վարույթ՝ ընտրական կաշառք բաժանելու, բարեգործության արգելքը խախտելու և հավաքին մասնակցությունը հարկադրելու հոդվածներով։ «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը օրերս կայացած ասուլիսում հերքել էր իրավապահների պնդումները ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։
Նրա խոսքով՝ «մենք որպես առաջատար ուժ կաշառք տալու կարիք չունենք», իսկ ներկայիս պայմաններում «իրար հետ բարեկամական զրույց ունենալը դարձել է հանցագործություն», ինչը, ըստ Կարապետյանի, «գործող իշխանության ցնցումներն են, վախերն են»։
