Կիբեռանվտանգության ամրապնդման ծրագրի երկրորդ նիստը՝ Ռուբեն Սիմոնյանի գլխավորությամբ

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեղակալ Ռուբեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Համագործակցություն՝ հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի Կառավարման հանձնաժողովի երկրորդ նիստը։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Լարս Հեննիգը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կիբեռանվտանգության համակարգման բաժնի ղեկավար Ֆելիքս Քրոլը և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆանո Գուարդատին։
Նիստի ընթացքում Ռուբեն Սիմոնյանը ընդգծել է, որ կիբեռանվտանգությունը ազգային անվտանգության և թվային տնտեսության կայուն զարգացման համար առանցքային նշանակություն ունի։ Նա նշել է, որ Հայաստանը համակարգային լուծումներ է ներդնում ոլորտի զարգացման ուղղությամբ՝ ամրապնդելով ինստիտուցիոնալ կարողությունները։
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցությունը՝ նշելով, որ ծրագիրը նպաստում է ոլորտային բարեփոխումների իրականացմանը, տեղական կարողությունների զարգացմանն ու միջազգային փորձի ներդրմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև վերջերս ընդունված «Կիբեռանվտանգության մասին» օրենքը, որը հիմք է ստեղծում կիբեռպաշտպանության մեխանիզմների ամրապնդման և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանվածության բարելավման համար։ Կարևորվել է Հայաստանի և Եվրոպական միության համապարփակ գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում ստանձնած պարտավորությունը՝ ԵՄ NIS2 դիրեկտիվի դրույթների մոտարկման ուղղությամբ։
Որպես 2026 թվականի համագործակցության հիմնական ուղղություններ՝ նշվել են մասնագետների կարողությունների զարգացումը, օրենսդրական դաշտի կատարելագործումը՝ ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով, ինչպես նաև տարածաշրջանային և եվրոպական գործընկերների միջև վստահության մթնոլորտի ձևավորումը։
Նիստի ավարտին կողմերը հաստատել են պետական, միջազգային և մասնավոր հատվածների համագործակցության կարևորությունը՝ կիբեռանվտանգության ազգային համակարգի ամրապնդման համար։ Ծրագիրը իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության պատվերով և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
Գործընկեր կազմակերպությունը Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունն է (ISAA)։
