ԿԸՀ-ն մերժեց Տիգրան Ուրիխանյանի և Վարդան Ղուկասյանի գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում մերժեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու։ Որոշման հիմնավորմամբ՝ նա չի ներկայացրել փաստաթուղթ, որը կհաստատի, որ վերջին չորս տարում եղել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և այդ ընթացքում բնակվել է Հայաստանի Հանրապետությունում։
Նույն պատճառաբանությամբ ԿԸՀ-ն մերժեց նաև ԴՕԿ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը։ Ղուկասյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նիստում նշեց, որ Ղուկասյանը գտնվում է կալանքի տակ Միացյալ Նահանգներում և լիազոր մարմինների կողմից չէր կարող ստանալ պահանջվող փաստաթուղթը։
Նա միջնորդեց հարցը հանել քննարկումից մինչև «ֆորսմաժորային» իրավիճակների ավարտը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ հանձնաժողովի լիազորություններից դուրս է իրականացնել այն, ինչ ակնկալում է պաշտպանական կողմը։ Արդյունքում հանձնաժողովը քվեարկեց և մերժեց Ղուկասյանի գրանցումը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել էր արտահերթ նիստ, որի օրակարգում քաղաքական ուժերի գրանցման հարցերն էին։
