Կանադայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդում; Երևան է ժամանել նաև Մարկ Քարնին

Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը դիմավորել և ուղեկցել է պատվիրակությանը՝ ներկայացնելով հուշահամալիրի խորհրդանշական նշանակությունն ու պատմական համատեքստը։
Երկու երկրների պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հաղորդվում է նաև, որ Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու։ Ըստ ներկայացված տեղեկությունների՝ Քարնին եվրոպական այս ձևաչափի հիմնադրումից ի վեր առաջին ոչ եվրոպացի առաջնորդն է, ով որպես հյուր կմասնակցի այս հավաքին։
Այցը և գագաթնաժողովին նախատեսվող մասնակցությունը ընդգծում են Երևանի և Օտտավայի շփումների ակտիվացումը՝ միջազգային հարթակում ընթացող քննարկումների և տարածաշրջանային օրակարգերի ֆոնին։
