Լիբանանի հարավում Իսրայելի օդային հարվածներից՝ առնվազն 14 զոհ. ամենամահաբեր օրը հրադադարից հետո

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նախօրեին երկրի հարավում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ՝ դարձնելով դա Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև մեկ շաբաթ առաջ ուժի մեջ մտած հրադադարից ի վեր ամենամահաբեր օրը։ Նախարարության փոխանցմամբ՝ զոհերի թվում երկու երեխա և երկու կին են, հաղորդվում է 37 վիրավորի մասին։
Իսրայելը, իր հերթին, հայտնել է, որ իր զինվորներից մեկը զոհվել է։ Իսրայիլի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենց «պարտավորեցնում է Իսրայելի, իրենց զինվորների, իրենց համայնքների անվտանգությունը»։ Սրացումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ փխրուն հրադադարի պայմաններում Իսրայելի բանակը զգուշացրեց իր կողմից օկուպացված «բուֆերային գոտուց» դուրս գտնվող յոթ բնակավայրերի բնակիչներին լքել այդ քաղաքները։
Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության։ «Հեզբոլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի նոր ցամաքային և օդային գործողությունների։
Ապրիլի 23-ին Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ, Իսրայելն ու Լիբանանը երեք շաբաթով երկարաձգեցին 10-օրյա հրադադարը։ Սակայն վերջին հարվածները և տարհանման զգուշացումները ընդգծում են, որ հրադադարը մնում է փխրուն։
