Լեհաստանն ու Հայաստանը պայմանավորվեցին համատեղ զորավարժություններ անցկացնել

Լեհաստանն ու Հայաստանը պայմանավորվել են համատեղ զորավարժություններ անցկացնել, հայտնել է Վարշավան։ Ըստ հաղորդագրության, համաձայնությունը ձեռք է բերվել Լեհաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այսօրվա հանդիպման արդյունքում։
«Կայունության, անվտանգության և համագործակցության ձգտող երկրները մեր երկխոսության գործընկերներն են։ Ահա թե ինչու մենք հետաքրքրված ենք համատեղ ռազմական վարժանքներով, ռազմական համալսարանների միջև համագործակցությամբ և Լեհաստանի և Հայաստանի պաշտպանական արդյունաբերության միջև փորձի փոխանակմամբ», բանակցություններից հետո նշել է Կոսինյակ-Կամիշը։
Լեհ բարձրաստիճան պաշտոնյան նաև հայտնել է, որ Վարշավայում գտնվող Հայաստանի դեսպանատանը պետք է բացվի ռազմական կցորդի գրասենյակ։ Կոսինյակ-Կամիշը շեշտադրել է նաև պաշտպանական կրթության և արդյունաբերական փորձի փոխանակման հանդեպ հետաքրքրությունը՝ ընդգծելով, որ Վարշավայի համար առաջնահերթ են այն գործընկերները, որոնք հետամուտ են կայունությանն ու անվտանգությանը։
