Իրանը հայտարարում է՝ ԱՄՆ-ի հետ կընդունի միայն «արդար և համապարփակ համաձայնագիր»

Թեհրանը պայման է դնում. Իրանը Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններում կընդունի միայն «արդար և համապարփակ համաձայնագիր», այսօր Պեկինում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ այս դիրքորոշումը նա ներկայացրել է Չինաստանի գլխավոր դիվանագետի հետ հանդիպումից հետո։
«Քննարկումներում մենք կանենք մեր լավագույնը՝ պաշտպանելու մեր օրինական իրավունքներն ու շահերը։ Մենք ընդունում ենք միայն արդար և համապարփակ համաձայնագիր»,— ասել է Արաղչին։ Նա ուղիղ չի անդրադարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ըստ որի՝ Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը՝ «Ազատություն նախագիծ»-ը, կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու, թե հնարավո՞ր է համաձայնագիրը վերջնականապես կնքել և ստորագրել։
Թրամփը ավելի վաղ նշել էր Իրանի հետ համապարփակ համաձայնագրի հասնելու ուղղությամբ «մեծ առաջընթացի» մասին՝ առանց մանրամասնելու, թե ինչ առաջընթացի մասին է խոսքը։ Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ շուկայի համար առանցքային անցուղի է. մինչ պատերազմը այնտեղով էր անցնում աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը։
Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ում նավթի գինը նվազեց։
