Թրամփը Նեթանյահուին կոչ է արել խուսափել Լիբանանում պատերազմի լիակատար վերսկսումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Axios-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Բենյամին Նեթանյահուին փոխանցել է՝ Իսրայելը Լիբանանում պետք է իրականացնի միայն թիրախային ռազմական գործողություններ և խուսափի պատերազմի լիակատար վերսկսումից։ «Ես Նեթանյահուին ասացի, որ նա պետք է դա ավելի թիրախային անի։
Ոչ թե շենքեր քանդի։ Նա չի կարող դա անել։ Դա չափազանց սարսափելի է»,— ասել է Թրամփը։ Նույն օրը հաղորդվեց, որ Իսրայելի բանակը շարունակել է գործողությունները Լիբանանի հարավում՝ թիրախավորելով Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի օբյեկտները։ Կան զոհեր։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ պայթեցրել են «Հեզբոլա»-ի կողմից կիրառվող հսկայական թունել և ոչնչացրել կազմակերպության ենթակառուցվածքների մի մասը։
«Մենք սպանում ենք բազմաթիվ ահաբեկիչների և դեռ չենք ավարտել։ Մենք գործում ենք անվտանգության գոտում... Մի քանի շաբաթ առաջ հրահանգեցի անօդաչուների սպառնալիքը վերացնելու հատուկ նախագիծ սկսել։ Դա ժամանակ կպահանջի, բայց դա էլ կպայթեցնենք»,— ասել էր նա։
Արտգործնախարար Գիդեոն Սաարը, իր հերթին, հայտարարել էր, թե Իսրայելը Լիբանանի հանդեպ տարածքային նկրտումներ չունի և վստահեցրել էր, որ Լիբանանում իսրայելական զորքի ներկայության միակ նպատակն իրենց քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է։ ՄԱԿ-ը զգուշացրել է, որ պատերազմի հետևանքով Լիբանանում ավելի քան 1.2 միլիոն մարդ կարող է սուր սովի մատնվել։
