Թրամփը հայտարարեց՝ ԱՄՆ բանագնացները վաղը կլինեն Պակիստանում, սպառնալով շարքից հանել Իրանի ենթակառուցվածքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի բանագնացները վաղը երեկոյան կլինեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ Իրանի հետ բանակցելու նպատակով։ Նա միաժամանակ զգուշացրել է, որ եթե Թեհրանը չընդունի Վաշինգտոնի առաջարկած գործարքը, Միացյալ Նահանգները «շարքից կհանի» Իրանի էներգետիկ բոլոր կայաններն ու կամուրջները։
Թրամփը նշել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի գլխավորի ամերիկյան պատվիրակությունը, թեև անցած շաբաթավերջի բանակցություններում հենց Վենսն էր ներկայացնում Վաշինգտոնը։ «Մենք շատ արդար և տրամաբանական գործարք ենք առաջարկում։
Հուսով եմ՝ նրանք կընդունեն այդ գործարքը, որովհետև եթե չընդունեն, Միացյալ Նահանգները շարքից հանելու է Իրանի էներգետիկ բոլոր կայաններն ու կամուրջները»,— գրել է նա սոցիալական ցանցում՝ հավելելով, որ պայմանագրի չկնքման դեպքում իր համար «մեծ պատիվ կլինի անել այն, ինչ պետք է արվեր Իրանի հետ վերջին 47 տարիներին՝ նախորդ նախագահների կողմից»։
Թրամփը նաև մեղադրել է Իրանին նախօրեին Հորմուզի նեղուցում կրակոցներ արձակելու համար՝ դա «հրադադարի համաձայնության բացարձակ խախտում» որակելով։ Նրա խոսքով՝ Իրանի զինուժը թիրախավորել է մեկ ֆրանսիական և մեկ բրիտանական նավ։ Նախագահը անդրադարձել է նաև Թեհրանի՝ Հորմուզի նեղուցը կրկին փակելու որոշմանը՝ այն «տարօրինակ» անվանելով, քանի որ, ըստ նրա, «ամերիկյան շրջափակումը արդեն իսկ փակել է նեղուցը»։
Թրամփի գնահատմամբ՝ Իրանը «առանց հասկանալու օգնում է» Վաշինգտոնին և «օրական կորցնում է 500 միլիոն դոլար», մինչդեռ «Միացյալ Նահանգները ոչինչ չի կորցնում»։ Նա գրառումն ավարտել է հայտարարությամբ. «Ժամանակն է վերջ դնել Իրանի սպանության մեքենային»։ Մինչդեռ իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն Իրանին պահում է ծովային շրջափակման ներքո, Թեհրանը պատվիրակություն չի ուղարկի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցելու։
Իրանի գլխավոր բանակցողը՝Majlisi խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ավելի վաղ նշել էր, որ Վաշինգտոնի հետ բանակցություններում առաջընթաց կա, սակայն «դեռևս կան նաև տարաձայնություններ»։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սաեդ Խաթիբզադեն իր հերթին հետագա բանակցությունները կապել էր «ըմբռնման շրջանակի» համաձայնեցման հետ։
