Թրամփը գոհ չէ Իրանի առաջարկից, Թեհրանը պատրաստ է բանակցել՝ եթե ԱՄՆ-ը փոխի մոտեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարեց, որ գոհ չէ Իրանի հետ պատերազմի շուրջ բանակցությունների վերաբերյալ վերջին առաջարկից, որի մասին, ըստ հաղորդումների, Թեհրանը փոխանցել է պակիստանցի միջնորդների միջոցով։ Թեհրանը, իր հերթին, ասում է, որ պատրաստ է բանակցությունների, եթե Միացյալ Նահանգները փոխի իր մոտեցումը։
Երեկ հաղորդվեց, որ Իրանը նոր առաջարկ է պակիստանցի միջնորդների միջոցով փոխանցել, սակայն պարզ չէ, թե այդ առաջարկով ինչ էր ներկայացվել։ «Նրանք ուզում են գործարք կնքել, բայց... ես դրանից գոհ չեմ», Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ պնդելով, որ Իրանի ղեկավարությունն «շատ անհամաձայնեցված» է և բաժանված է «երկու կամ երեք խմբի»։
«Նրանք խնդրում են բաներ, որոնց հետ ես չեմ կարող համաձայնվել», հավելել է նա՝ նշելով նաև, որ հեռախոսով բանակցությունները շարունակվում են։ Ֆլորիդայում ունեցած ելույթում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ առճակատումը վաղաժամկետ չի դադարեցնի, որպեսզի «երեք տարի անց խնդիրը կրկին առաջանա», և հայտարարել է, որ Իրանին թույլ չի տրվի ունենալ միջուկային զենք։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է սկսել դիվանագիտական միջոցառումներ, եթե Վաշինգտոնը փոխի իր «չափազանցված մոտեցումը, սպանալից հռետորաբանությունը և սադրիչ գործողությունները»։ Միևնույն ժամանակ Արաղչին նշել է, որ «Իրանի զինված ուժերը շարունակում են պատրաստ լինել պաշտպանել երկիրը ցանկացած սպառնալիքից»։
