Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կմասնակցի Երևանում մայիսի 4-ին նախատեսված գագաթնաժողովին

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մայիսի 4-ին կժամանի Երևան՝ մասնակցելու տեղի կունենալիք գագաթնաժողովին, հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։ Գործակալության փոխանցմամբ՝ հենց Յըլմազն է Երևանում ներկայացնելու Թուրքիան։
«Անադոլու»-ն նշում է, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապերի ընդլայնման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված ավելի սերտ համագործակցության և համակարգման քայլերը։ Գործակալության տեղեկացմամբ՝ օրակարգում կլինեն նաև տարածաշրջանում վերջին զարգացումները և գլոբալ խնդիրները։
Տևական ժամանակ անհայտ էր, թե ում կուղարկի Անկարան գագաթնաժողովին։ Յըլմազի այցելությունը, ըստ նույն աղբյուրի, կլինի այս մակարդակի առաջին այցը Թուրքիայից Հայաստան։ Գործակալությունը հավելում է, որ հանդիպման շրջանակում քննարկվելիք թեմաները կենտրոնացված են անվտանգության, տնտեսության և տարածաշրջանային գործընթացների շուրջ, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։
