Թբիլիսիում նախատեսվում է 70-հարկանի Trump Tower՝ Trump Organization-ի ծրագրով

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքին պատկանող The Trump Organization ընկերությունը տեղական և միջազգային գործընկերների հետ ծրագրում է Թբիլիսիում կառուցել 70-հարկանի Trump Tower երկնաքեր։ Շենքը նախատեսվում է բարձրացնել Կենտրոնական այգուն (նախկինում՝ ձիարշավարան) հարող տարածքում, և ակնկալվում է, որ այն կդառնա Վրաստանի ամենաբարձր շենքը։
Նույն աղբյուրների համաձայն՝ նախագծի ճարտարապետական հայեցակարգը մշակում է միջազգային Gensler ընկերությունը, իսկ գործընկերների թվում են վրացական Archi Group-ը, Biograpi Living-ը և Նյու Յորքում հիմնված Sapir Organization-ը։ Համալիրը նախատեսվում է բազմաֆունկցիոնալ՝ շքեղ բնակարաններով, առևտրային տարածքներով, ռեստորաններով և այլ ենթակառուցվածքներով։
Սա Թրամփի բրենդով Վրաստանում առաջին նախաձեռնությունը չէ։ Ավելի վաղ նախատեսվում էր Trump Tower-ի կառուցում Բաթումիում. 2012 թվականին նախագծի ներկայացմանը անձամբ Դոնալդ Թրամփն էր ներկա։ Նախնական ծրագրով 47-հարկանի աշտարակի շինարարությունը պետք է սկսվեր 2013-ին և ավարտվեր 2014-ի վերջում։
Այդ նախագիծը, սակայն, չի իրագործվել և 2017-ին վերջնականապես դադարեցվել է։ Պաշտոնական պատճառաբանությամբ՝ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո անհրաժեշտ էր խուսափել շահերի բախումից։
