Էրդողանը կոշտ է քննադատել ԵՄ-ին. «Եվրոպան այսօր ավելի շատ Թուրքիայի կարիքն ունի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո կոշտ քննադատության է ենթարկել Եվրամիությանը՝ հայտարարելով, որ Եվրոպան այսօր ավելի շատ Թուրքիայի կարիքն ունի, քան Թուրքիան՝ Եվրոպայինը։ Նա ընդգծել է, որ առանց Թուրքիայի լիիրավ անդամակցության ԵՄ-ն չի կարող լինել գլոբալ դերակատար։
Մեկնաբանելով Անկարայի և ԵՄ հարաբերությունները՝ Էրդողանը կոչ է արել Միությանը հարգել Անկարայի «կառուցողական դիրքորոշման» արժեքը, չչարաշահել այն և զերծ մնալ այն վտանգող քայլերից։ «Եվրոպան այսօր ավելի շատ Թուրքիայի կարիքն ունի, քան Թուրքիան՝ Եվրոպայինը։ Վաղը դրա անհրաժեշտությունն ավելի մեծ կլինի, քան այսօր», — փոխանցել է նա, ըստ Anadolu գործակալության։
Նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դիմելով եվրոպացի առաջնորդներին, կրկին քննադատել է Եվրախորհրդարանին և Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» ու «սադրիչ քայլերի» համար։ Բաքվից տեսակապով միանալով Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Ալիևը պնդել է, թե այդ կառույցները «թիրախավորում են Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։
Անկարայից ու Բաքվից հնչած այս հայտարարությունները վերահաստատում են նրանց քննադատական վերաբերմունքը եվրոպական կառույցների հասցեին՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում շեշտելով պահանջների և դժգոհությունների ներկայությունը։
