Զելենսկի. Ռուսաստանը շարունակել է հարվածել նաև մայիսի 8–10-ի հայտարարած հրադադարի ֆոնին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակել է հարվածներ հասցնել ուկրաինական դիրքերին նույնիսկ այն բանից հետո, երբ մայիսի 8–10-ը միակողմանիորեն հայտարարեց հրադադար։ Նրա խոսքով՝ մայիսի 8-ի ժամը 07:00-ի դրությամբ ռազմաճակատում արձանագրվել է ավելի քան 140 գնդակոծություն, գիշերվա ընթացքում ռուսական բանակը իրականացրել է 10 գրոհային գործողություն, որոնց մեծ մասը՝ Սլավյանսկի ուղղությամբ։
Զելենսկին հավելել է, որ իրականացվել է նաև ավելի քան 850 հարված տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են՝ ռուսական կողմը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 67 հարվածային ԱԹՍ։ «Այս ամենը հստակ վկայում է, որ Ռուսաստանի կողմից նույնիսկ ռազմաճակատում կրակը դադարեցնելու իմիտացիոն փորձ չի եղել։
Ինչպես նախորդ օրվա, այնպես էլ այսօրվա արդյունքներով Ուկրաինան գործելու է հայելային ձևով։ Մենք պաշտպանելու ենք մեր դիրքերն ու մարդկանց կյանքերը։ Ռուսաստանը պետք է ավարտի իր պատերազմը, և բոլորը դա կնկատեն, երբ սկսվի խաղաղության ուղղությամբ շարժը»,— գրել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանը միակողմանիորեն հայտարարել էր մայիսի 8–9-ը հրադադարի մասին՝ միաժամանակ զգուշացնելով, որ շքերթը խափանելու դեպքում զանգվածային հարված կհասցվի Կիևի կենտրոնին, իսկ հրադադարի խախտման դեպքում կտրվի «համարժեք պատասխան»։ Զելենսկին առաջարկել էր լռության ռեժիմ սահմանել մայիսի 6-ից, սակայն, նրա խոսքով, այն անմիջապես խախտվել էր, այդ թվում՝ ուկրաինական քաղաքների ուղղությամբ հարվածներով։
Մայիսի 8-ի գիշերը Ռուսաստանի մի շարք շրջաններ ենթարկվել են զանգվածային հարձակման։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական 264 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։
Նախնական տվյալներով՝ Յարոսլավլում հարված է հասցվել «Սլավնեֆտ-ՅԱՆՕՍ» նավթավերամշակման գործարանին, բռնակցված Ղրիմում՝ «Կրասնոպերեկոպսկ» էլեկտրական ենթակայանին, Պերմում՝ «Լուկոյլ-Պերմնեֆտեօրգսինթեզ» ձեռնարկությանը, Ռոստովում՝ «Էմպիլս» քիմիական գործարանին, «Ռադար» գիտատեխնիկական կենտրոնի մասնաճյուղին և աերոնավիգացիոն շենքին, ինչը պատճառ դարձավ Ռուսաստանի հարավի 13 օդանավակայանների աշխատանքի ժամանակավոր դադարեցմանը։
Նույն աղբյուրը նաև հայտարարել է, որ մարտական գործողությունների գոտում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է հրադադարի ռեժիմի 1365 խախտում։ Կիևը հայտարարում է, որ կշարունակի գործել «հայելային ձևով», իսկ Մոսկվան հայտնում է զանգվածային ԱԹՍ հարձակումների և հրադադարի բազմաթիվ խախտումների մասին՝ փոխադարձ մեղադրանքների ֆոնին, որոնք շարունակվում են հրադադարի հայտարարությունների պայմաններում։
