Երևանում մեկնարկում է ՀՀ–ԵՄ առաջին գագաթնաժողովը. պաշտոնական դիմավորում և առանձնազրույց

Երևանում մեկնարկում է Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրամիությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Գագաթնաժողովի շրջանակում կայացել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի պաշտոնական դիմավորման արարողությունը։
Դիմավորումից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ։ ՀՀ–ԵՄ գագաթնաժողովի առանցքում երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցերն են՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային ոլորտների, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ուղղությամբ։
Առաջնորդները նախատեսում են անդրադառնալ այդ ոլորտներում համագործակցության խորացման ուղիներին։ Կքննարկվեն նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության և բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները։
Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախօրեին ևս գտնվել են Երևանում՝ մասնակցելով Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
