Երեխայի շահը՝ իրավապահների գործողությունների կենտրոնում. ՄԻՊ-ի կոչը

ԵՐԵՎԱՆ՝ Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) կոչ է արել բոլոր իրավասու մարմիններին՝ երեխայի լավագույն շահը դնել իրենց գործունեության կենտրոնում, հատկապես այն դեպքերում, երբ իրավապահ գործողություններ են իրականացվում անչափահասների ներկայությամբ։
Պաշտպանի աշխատակազմի կողմից զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ որոշ դեպքերում ձերբակալություններ կամ ազատազրկման այլ գործողություններ տեղի են ունենում երեխաների աչքի առաջ՝ առանց նրանց հոգեբանական վիճակի նկատմամբ բավարար ուշադրության։
ՄԻՊ-ն ընդգծում է, որ նման իրավիճակներում պարտադիր է երեխայի շահերի ապահովումը, ինչը պահանջում է իրավապահների և այլ պաշտոնատար անձանց մոտ բավարար գիտելիքներ և հմտություններ՝ երեխաների հետ հաղորդակցվելու, նրանց իրավունքները հարգելու և երեխայակենտրոն մոտեցում ցուցաբերելու հարցում։
Պաշտպանը նշում է, որ հնարավորության դեպքում անհրաժեշտ է ամբողջովին խուսափել անչափահասների ներկայությամբ գործողությունների իրականացումից։ Սակայն եթե իրավական հիմքերն անխուսափելի են դարձնում նման քայլերը, ապա իրավապահները պետք է առաջնորդվեն բացառապես երեխայի շահով և ցուցաբերեն առավելագույն զգայունություն՝ յուրաքանչյուր դեպքի կոնկրետ հանգամանքները հաշվի առնելով։
Այս համատեքստում ՄԻՊ-ն հատուկ կարևորություն է տալիս պատասխանատու անձանց պրոֆեսիոնալիզմին և նրանց կարողությունների մշտական զարգացմանը։ Պաշտպանը նշում է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի ցանկացած պետական մարմնի գործունեության անբաժանելի մասը, իսկ երեխայակենտրոն մոտեցումը՝ պարտադիր պայման բոլոր իրավապահ և դատական գործընթացներում։
