Եվրոպացի առաջնորդները շնորհավորել են Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մագյարին

Եվրոպացի առաջնորդները շուտափույթ արձագանքել են Հունգարիայի քաղաքական շրջադարձին՝ X-ում շնորհավորելով նորընտիր վարչապետ Պետեր Մագյարին ընդդիմության հաղթանակից հետո։ Նրանց ուղերձներում շեշտվում են Հունգարիայի «եվրոպական ուղու» վերականգնումը, համագործակցության պատրաստակամությունը և մայրցամաքային միասնության կարևորությունը։
«Հունգարիան ընտրեց Եվրոպային, Եվրոպան մշտապես ընտրել է Հունգարիային», գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ավելացնելով, որ «երկիրը վերգտավ իր եվրոպական ուղին», իսկ «Միությունն ավելի է ուժեղանում»։ Եվրամիության առաջնորդ Անտոնիո Կոստան իր հերթին նշել է, որ մասնակցության պատմական ռեկորդը վկայում է հունգարացի ժողովրդի ժողովրդավարական ոգու մասին։
Նա պատրաստակամություն է հայտնել նորընտիր վարչապետի հետ սերտորեն աշխատել հանուն «ավելի ուժեղ և բարեկեցիկ Եվրոպայի»։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մագյարի հետ և նրան շնորհավորել է։
«Ֆրանսիան ողջունում է ժողովրդավարական մասնակցության հաղթանակը, հունգարացի ժողովրդի հանձնառությունը Եվրամիության արժեքներին և Հունգարիայի հանձնառությունը Եվրոպայի հանդեպ», գրել է նա՝ կոչ անելով համատեղ քայլել «ավելի ինքնիշխան Եվրոպայի» ուղղությամբ՝ հանուն մայրցամաքի անվտանգության, մրցունակության և ժողովրդավարության։
Շնորհավորանք է հղել նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ հայտարարելով. «Հունգարացի ժողովուրդը որոշում կայացրեց։ Սրտագին շնորհավորանքներս Ձեր ընտրության առթիվ, հարգելի Պետեր Մագյար։ Սպասում եմ մեր համատեղ աշխատանքին։ Եկե՛ք համախմբենք ջանքերը հանուն ուժեղ, անվտանգ և, որն ամենակարևորն է, միասնական Եվրոպայի»։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Հունգարիայում ընդդիմության արդյունքը «փառահեղ հաղթանակ» է անվանել՝ ընդգծելով, որ Հունգարիան, Լեհաստանը և Եվրոպան «կրկին միասին են»։ Ապրիլի 12-ին Հունգարիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մագյարը՝ պարտության մատնելով երկիրը 16 տարի կառավարող Վիկտոր Օրբանին։
