Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից առաջ «Հայաստան» դաշինքը հայտարարում է՝ իշխանությունների «մանիպուլյատիվ» քայլերը «կարծես» ստանում են եվրոպական սատարում

Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը կոշտ գնահատական է տալիս իշխանությունների քայլերին՝ պնդելով, որ ներքաղաքական լարված մթնոլորտում և համապետական ընտրություններից շաբաթներ առաջ նման միջոցառումը իշխանությունների կողմից «անխուսափելիորեն ներկայացվելու է որպես արտաքին զորակցություն»։
Դաշինքի հայտարարությունում հավելվում է, որ եվրոպական քաղաքական շրջանակները «ուղղակիորեն ներգրավվելու են» Հայաստանի ներքաղաքական գործընթացներում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժը ընդգծում է, որ Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունները եղել են, կան և շարունակելու են մնալ երկրի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։
Սակայն, ըստ այդ հայտարարության, ներկայիս իշխանությունների հետաքրքրությունը «ոչ թե ՀՀ–ԵՄ հարաբերությունների բովանդակային զարգացումն է, այլ եվրոպական քաղաքական շրջանակներին Հայաստանի ներքաղաքական գործընթացներում օգտագործելը»։
Դաշինքը «ցավով» արձանագրում է, որ Եվրամիության գործադիր իշխանությունը ներկայացնող անձանց վերջին հայտարարությունները միայն խորացնում են իրենց մտահոգությունները առ այն, որ Հայաստանի իշխանությունների «մանիպուլյատիվ գործողությունները, կարծես, ստանում են եվրոպական սատարում»։
Միաժամանակ շեշտվում է, որ ՀՀ–ԵՄ հարաբերությունները պետք է հեռու պահել ներքաղաքական նպատակներով շահագործումից։ «Հայաստան» դաշինքը կոչ է անում Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակություններին մոտենալ ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացմանը՝ հիմնվելով այդ հարաբերությունների լավագույն շահի վրա, «այլ ոչ թե Հայաստանում յուրային իշխանություն ունենալու քաղաքական նպատակահարմարության»։
