Դեսպան Ծովինար Համբարձումյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ և առևտրի փոխնախարարին

Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը, որի նստավայրը Սոֆիան է, իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի և առևտրի փոխնախարար Զորան Դիմիտրովսկիին, տեղեկացրել է դեսպանությունը։
Հաջողություն մաղթելով՝ Դիմիտրովսկին վստահություն է հայտնել, որ դեսպան Համբարձումյանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման դրական միտումը կշարունակվի, և երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը կակտիվանա։
Զրույցի ընթացքում կողմերը հաստատել են տնտեսական հարաբերությունները հետագայում խթանելու համատեղ պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև առևտրի և գործարար համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ աշխատանքների, ինչպես նաև զբոսաշրջության խթանման միջոցառումների միջոցով։
Զրուցակիցները հանձնառություն են հայտնել առաջ մղելու քաղաքական երկխոսությունը՝ ընդգծելով առաջիկայում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև փոխադարձ այցելություններ և կանոնավոր քաղաքական խորհրդակցություններ կազմակերպելու կարևորությունը։ Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերի շուրջ։
