Գլխավոր դատախազը՝ Վեդու գործի մասին. դեպքը եզակի չէ, նմաններ արձանագրվել են նաև այլ մարզերում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Վեդիում դեռահասների նկատմամբ սեռական բռնության գործը մեկուսացված դեպք չէ. նրա խոսքով, նման իրավիճակներ նախկինում արձանագրվել են նաև Գեղարքունիքում և նույն Արարատի մարզում, իսկ Շիրակում ու Երևանում եղել են երեխաների ներգրավմամբ պոռնոգրաֆիական նյութերի պատրաստման դեպքեր։
Դատախազը Ազգային ժողովում արձագանքում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցերին՝ թե արդյոք անձամբ տեղյակ է Վեդու գործից, ինչ քայլեր են կատարվել, ինչպես նաև՝ արդյոք իրեն հայտնի է քննության ընթացքում հնարավոր օրենքի խախտումների մասին և ինչու մինչ այժմ կալանք չի կիրառվել։
Աննա Վարդապետյանը նշեց, որ դեպքի մասին տեղեկացել է անմիջապես այն հանրայնացնելուց հետո։ Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ Գեղարքունիքում արձանագրված նման իրավիճակից հետո դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել իրավասու մարմիններին՝ ընդգրկվելու կանխարգելիչ գործառույթ ունեցող հանձնաժողովներում.
«Ցանկություն հայտնեցինք ներգրավվել, որ կարողանանք իրավիճակը կանխել»։ Դատախազի խոսքով՝ շատ հաճախ այս գործերով ներգրավված են խոցելի խմբեր, և անչափահասների հարցաքննությունների ժամանակ պարտադիր է մանկավարժի և հոգեբանի ներկայությունը, ինչպես նաև ընթացակարգի զգայունությունը, որի նկատմամբ դատախազությունն, ըստ նրա, հետևողական է։
Վարույթը գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո է, և, Վարդապետյանի ձևակերպմամբ, կարճ ժամանակ անց խափանման միջոցի հարցը նույնպես կշարժվի. «Այս մասով մենք խիստ խափանման միջոցի ենք գնում»։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ շատ հաճախ նման արարքները կազմակերպվում են ազատազրկման վայրերից։
«Աչալուրջ ենք», — հավելեց գլխավոր դատախազը՝ շեշտելով, որ խնդրի ընդգծված ռիսկերը դատախազությանը հայտնի են ոչ միայն Վեդու գործով։
