Գիտնականները զգուշացնում են հնարավոր գլոբալ սպառնալիքի մասին. Գոլֆստրիմի խափանումը կարող է սրել տաքացումը

Գոլֆստրիմի օվկիանոսային հոսանքի հնարավոր խափանումը կարող է սրել կլիմայական փոփոխությունները և դառնալ գլոբալ սպառնալիք։ Այդ մասին զգուշացնում են Պոտսդամի կլիմայական փոփոխությունների ազդեցության հետազոտության ինստիտուտի գիտնականները՝ ներկայացնելով վերլուծություն, ըստ որի այս համակարգի թուլացումը կամ փլուզումը կարող է շեղել Երկրի կլիմայական հավասարակշռությունը։
Հետազոտության համաձայն՝ եթե Գոլֆստրիմի համակարգը թուլանա կամ քայքայվի, գլոբալ տաքացումը կարող է ավելանալ մոտ 0,2°C-ով։ Գիտնականները դա կապում են այն փաստի հետ, որ նման զարգացումը կհանգեցնի Հարավային օվկիանոսից ածխածնի մեծ քանակի արտանետման մթնոլորտ, ինչը կուժեղացնի ջերմացման ազդեցությունը։
Տարածաշրջանային փոփոխությունները, ըստ գնահատման, համաչափ չեն լինի։ Եվրոպայում հնարավոր է որոշակի սառեցում, իսկ ընդհանուր առմամբ Հյուսիսային կիսագնդում ջերմաստիճանը կարող է կտրուկ նվազել, մինչդեռ հարավային շրջաններում պատկերը տարբեր կլինի։ Մասնավորապես՝ Անտարկտիդայի որոշ հատվածներում կարող է դիտվել մինչև 7°C սառեցում, իսկ այլ շրջաններում հակառակը՝ ջերմաստիճանի մինչև 6°C բարձրացում։
Գիտնականների խոսքով՝ նման տեղաշարժերը կարող են լրջորեն փոխել համաշխարհային կլիման, խաթարել օվկիանոսների շրջանառությունը և ազդել էկոհամակարգերի վրա՝ ձևավորելով նոր կլիմայական ռիսկեր ամբողջ մոլորակի համար։ Ինչպես ընդգծվում է գնահատականում, զարգացումների ընթացքը կախված է Գոլֆստրիմի համակարգի կայունությունից, որի խափանման հետևանքները զգալու են լայն աշխարհագրական տարածություններում։
