Գաբալայում Հիքմեթ Հաջիևը շեշտեց երկկողմ շփումները, վերահաստատեց Վաշինգտոնում համաձայնեցված խաղաղ օրակարգը

Ադրբեջանի Գաբալա քաղաքում «Խաղաղության կամուրջ» հանրային նախաձեռնության շրջանակում անցկացված հերթական կլոր սեղանի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ընդգծել է, որ կառավարությունը հավատարիմ է Վաշինգտոնի գագաթաժողովում համաձայնեցված խաղաղության օրակարգին և կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հանրությունների երկկողմ շփումները։
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, ապրիլի 11-ին կայացած քննարկմանը Հաջիևը մտքերի փոխանակում է ունեցել հանդիպման մասնակիցների հետ և պատասխանել է հայկական պատվիրակության ներկայացուցիչների հարցերին։ Նա անդրադարձել է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ձևավորմանը, ինչպես նաև Հայաստանի համար Ադրբեջանով տրանզիտային փոխադրումներին։
Հաջիևը կարևորել է «Թրամփի ուղի» նախագծի իրականացումը, որը, նրա ձևակերպմամբ, ինչպես սպասվում է, կարող է փոխել տարածաշրջանի մթնոլորտը և Հարավային Կովկասի տրանսպորտային պատկերը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ինչպես խաղաղության օրակարգի շուրջ բանակցությունները ծավալվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնպես էլ քաղաքացիական շփումները պետք է կրեն երկկողմ բնույթ։
Ադրբեջանի նախագահի օգնականը շեշտել է նաև, որ հայ-ադրբեջանական խաղաղ օրակարգը, համաշխարհային ցնցումների և հակամարտությունների ֆոնին, ունի առանձնահատուկ կարևորություն Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության համար։
