Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանը հարց է ուղղում ՄԻՊ-ին ու կառավարությանը՝ ո՞վ է պատասխանատու ադրբեջանական բանտերում գտնվող հայերի համար

Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում փոխանցած հայտարարությամբ անդրադարձել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի արձագանքին՝ հարց տալով, թե ով է Հայաստանում պատասխանատու ադրբեջանական բանտերում պահվող հայերի պաշտպանության համար։
Վարդանյանի խոսքով՝ ինքը անցած ամիս դիմել էր Հայաստանի ՄԻՊ-ին՝ առաջարկելով հանդիպել Բաքվում պահվող հայերին և ապահովել նրանց ու ընտանիքի անդամների տեսակցությունը։ Մանասյանը, անդրադառնալով նրա դիմումին, նշել էր, որ իր լիազորությունները գործում են միայն Հայաստանի մակարդակով։
«Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա։ Մեր երկրում ո՞վ է պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է նշանակվել այդ անձը։ Ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ հասարակությունը»,— փոխանցել է Վարդանյանը։
Նրա հայտարարությունում նաև ասվում է, որ որոշ անձինք Բաքվի բանտերում պահվում են արդեն վեց տարի, և այս ընթացքում Հայաստանի կառավարությանը չի հաջողվել ստեղծել կայուն ու հասկանալի կապի մեխանիզմ՝ ո՛չ երրորդ երկրների դեսպանատների, ո՛չ միջազգային կազմակերպությունների միջոցով։
Վարդանյանը հարցնում է, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական և այլ հարցեր քննարկելու նպատակով, սակայն չեն կարողանում կազմակերպել այցեր՝ կապված այնտեղ պահվող հայերի կյանքի, առողջության և իրավական կարգավիճակի հետ։
Նրա խոսքով՝ մինչ օրս չի գործում նաև բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ. «Մի շարք անձինք արդեն ավելի քան մեկ տարի ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն՝ հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը և պահման կենցաղային պայմանները»։
Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Վարդանյանը պահանջել է նշել, թե ով է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար և որն է հաստատված կարգը։ «Հայտարարե՛ք պատասխանատու անձին, հրապարակե՛ք աշխատանքի մեխանիզմը, բացատրե՛ք՝ վերջին վեց տարիների ընթացքում ի՞նչ է արվել։
Կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է»,— նշել է նա։
