Բաքուն պնդում է հիբրիդային հարձակումների մասին՝ դրանք վերագրելով «հայամետ խմբերին»

Ադրբեջանի խորհրդարանի Արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ժամանակավոր հանձնաժողովը հայտարարում է, որ վերջին օրերին ընթանում է ապատեղեկատվական արշավ, որն ուղղված է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի դեմ։
Կառույցը պնդում է, որ արշավը կազմակերպվում է տարբեր երկրներում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունների, ինչպես նաև ազդեցիկ պաշտոններ զբաղեցնող որոշ օտարերկրյա քաղաքացիների և լրատվամիջոցների կողմից՝ զգուշացնելով, որ նման քայլերը կարող են վնասել «Հայաստանի և Ադրբեջանի միջև փխրուն խաղաղության գործընթացին»। Հանձնաժողովի գնահատմամբ՝ Ստեփանակերտում ավերված եկեղեցիների մասին վերջին հաղորդագրությունները, ինչպես նաև Բաքվի բանտերում պահվող հայերին ազատ արձակելու կոչերը հնչում են այդ լոբբիստական շրջանակների պատվերով։
Հայտարարության մեջ նշվում է, որ «այս անգամ» հայկական լոբբիստական կազմակերպությունները «ընտրել են այլ մարտավարություն»՝ աղմուկ բարձրացնելով մի շարք թեմաների շուրջ, այդ թվում՝ այսպես կոչված «ցեղասպանության», «ռազմագերիների» և Խանքենդի քաղաքում շինարարական նախագծերի վերաբերյալ։
Հանձնաժողովի հայտարարությունը որևէ կոնկրետ օրինակ կամ փաստ չի վկայակոչում։ Այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Միլի Մեջլիսը մեկ օր առաջ խզեց կապերը Եվրոպական խորհրդարանի հետ՝ ԵՄ պատգամավորներին մեղադրելով հայամետության, կեղծ թեզեր տարածելու և զրպարտության համար։
Այս քայլին նախորդել էր Եվրոպական խորհրդարանի «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» հատուկ բանաձևը, որով հաստատվում էր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը միջազգային համապատասխան երաշխիքների ներքո։
Կառույցը իր գնահատականները ներկայացնում է վերջին օրերի հրապարակումների կապակցությամբ, սակայն հայտարարությունում բացակայում են մանրամասները կամ հղումները աղբյուրներին։
