Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի նախարարի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Սենատում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին խիստ քննադատությամբ է արձագանքել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի Սենատում հնչեցրած ելույթին՝ այն գնահատելով «անընդունելի» և «սադրիչ»։ Բաքուն անընդունելի է համարում նախարարի կողմից «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպման օգտագործումը՝ անդրադառնալիս Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող Ղարաբաղի տարածաշրջանին։
Հայտարարությունում նշվում է, որ նման ձևակերպումները կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը սեփական տարածքների նկատմամբ, ինչպես նաև նրա մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը։
ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ Բաքուն պնդում է, թե տարածաշրջանում երկարատև խաղաղության պայմաններ են ստեղծվել՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքներում մղված «արդար պատերազմի» արդյունքում։
Նախարարությունը ընդգծում է, որ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գտնվող պատմական և կրոնական հուշարձանները դիտարկվում են որպես երկրի ազգային մշակութային ժառանգության մաս և պաշտպանված են՝ անկախ դրանց ծագումից, ինչպես նաև աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից։ Բաքուն «իրականության ակնհայտ աղավաղում» է որակում Ֆրանսիայի կոչերը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելություն ուղարկել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ադրբեջանը բազմիցս նախաձեռնել է նման առաքելություններ, սակայն դրանք, ըստ Բաքվի, անհնար են դարձել այնպիսի երկրների՝ ինչպիսիք են Հայաստանը և Ֆրանսիան, «հայտնի խոչընդոտների» պատճառով։ «Ֆրանսիացի նախարարի նման հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում կայուն և իրական խաղաղության կառուցմանը», ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած մամուլի հաղորդագրությունում։
