Ավանեսյան. նոր ապահովագրությունից հետո որոշների վարձատրությունը կրկնապատկվել, նեղ մասնագետներինը՝ եռապատկվել
Հայաստանում ներդրված առողջապահական ապահովագրական նոր համակարգը արդեն փոխում է առաջնային առողջապահության աշխատավարձային պատկերը. առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազգային ժողովում ասաց, որ մարտից այս ոլորտում արձանագրվել են նկատելի փոփոխություններ։ Նրա խոսքով՝ կան բուժաշխատողներ, որոնք ստացել են կրկնակի վարձատրություն, իսկ մի շարք նեղ մասնագետներ՝ եռապատկված կամ նույնիսկ ավելի բարձր վճարում։
Ավանեսյանը ընդգծեց, որ ապահովագրական համակարգի գործարկմամբ փոխվել է վարձատրության սկզբունքը. աշխատակիցները վճարվում են ծանրաբեռնվածության և սպասարկված պացիենտների թվի հիման վրա։ Նախարարը հավելեց, որ բուժաշխատողները արդեն հարմարվել են նոր մեխանիզմին։ «Մենք ունենք իրապես լավ ցուցանիշներ, և դրանք ժամանակի ընթացքում շարունակելու են բարելավվել»,— նշեց Ավանեսյանը։
Համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ին։ Սկզբնական փուլում այն ընդգրկում է ամսական 200 հազար դրամ կամ ավելի եկամուտ ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև մինչև 18 տարեկաններին և 65 և ավելի տարիք ունեցողներին՝ անկախ եկամուտից։
Այս խմբերի համար պետությունը 2026 թվականին ապահովում է 100% ֆինանսավորում։
