Առերեսման ընթացքում անչափահասը հաստատել է Վեդիում երկու տղամարդկանց կողմից սեռական բռնության ենթարկվելը

Վեդիում սեռական բռնության մասին ահազանգի գործով առերեսման ընթացքում անչափահաս աղջիկներից մեկը հաստատել է, որ երկու տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռական բռնության, հաղորդեց նրանց շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը. Փաստաբանի խոսքով՝ չնայած այս ցուցմունքին, երկու տղամարդիկ շարունակում են մնալ ազատության մեջ և ունեն վկայի կարգավիճակ։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ այս գործով այս պահի դրությամբ մեղադրյալ դեռ չկա։ Անչափահասների մայրը պատմել է, որ սեռական բռնության են ենթարկվել իր երկու դուստրերը, իսկ ենթադրյալ բռնարարները գտնվում են ազատության մեջ։ Badoyan News-ը օրեր առաջ հայտնել էր, որ Վեդիում մանկապղծության դեպք է եղել և պնդել, թե իրավապահները կոծկում են դեպքը, իսկ լիարժեք քննություն չի տարվում։
Նույն հրապարակման համաձայն՝ երեխաների հորեղբայրը դանակահարել է ենթադրյալ բռնարարներից մեկին, իսկ իրավիճակը, ըստ այդ պնդման, վենդետայի բնույթ է ստացել՝ Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի իբր անգործության հետևանքով։
