ԱՄՆ նախկին պաշտոնյան՝ Իրանի դեմ պատերազմի մասին. «Անմիջական սպառնալիք չէր»

ԱՄՆ Հակաահաբեկչական ազգային կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթը քննադատել է Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունները՝ պնդելով, որ Թեհրանը որևէ անմիջական սպառնալիք չէր ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Նա հարցազրույցում նշել է, որ Իրանի դեմ հարձակման վերաբերյալ հավաստի հետախուզական տվյալներ չեն եղել, և որոշումը կայացվել է արտաքին ուժերի ազդեցության ներքո։
Քենթի խոսքով՝ Իսրայելի և նրա ամերիկյան լոբբիի ճնշումները դարձել են պատերազմի մեկնարկի հիմնական պատճառը։ Նա հավելել է, որ Սպիտակ տանը քննարկումները սահմանափակ են եղել, և շատ փորձագետների հնարավորություն չի տրվել ներկայացնել իրենց տեսակետները նախագահին։ «Նախորդ տարիներին հիմնական որոշում կայացնողներից շատերին թույլ չեն տվել գալ և իրենց կարծիքը հայտնել նախագահին»,— ասել է նախկին պաշտոնյան։
Նրա խոսքերով՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հնարավոր հարվածներից առաջ լուրջ բանավեճեր են տեղի ունեցել, սակայն վերջնական որոշումը կայացվել է առանց լայն քննարկումների։ Քենթը նաև նշել է, որ ռազմական գործողությունների մեկնարկի պահին Իրանի կողմից սպառնալիքի մակարդակը չի արդարացրել նման քայլերը։
