ԱՄՆ հատկացումների հանձնաժողովը ընդունել է 2027 թ. ֆինանսավորման օրինագիծը՝ Հայաստանի համար IMET և FMF աճի առաջարկով

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը ընդունել է օրինագիծ, որը թույլատրում է ազգային անվտանգության և Պետդեպարտամենտի գործունեության ֆինանսավորումը 2027 ֆինանսական տարվա համար։ Փաթեթը նախատեսում է Հարավային Կովկասի երկրներին ընդլայնված աջակցություն՝ ԱՄՆ ռազմավարական շահերն առաջ մղելու նպատակով։
Օրինագծով Հարավային Կովկասի համար նախատեսվող միջոցները ուղղվելու են տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, ինտեգրմանն ու փոխկապակցվածության ամրապնդմանը, ինչպես նաև երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացմանը։
Հանձնաժողովը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանին՝ խորհուրդ տալով 2026 ֆինանսական տարվա համեմատ ավելացնել «Միջազգային ռազմական կրթության և վարժանքների» (IMET) և «Արտաքին ռազմական ֆինանսավորման» (FMF) ծրագրերի բյուջեն։
Փաստաթղթում հանձնաժողովը նաև կոչ է անում Պետքարտուղարին՝ օրենքի ընդունումից հետո 90 օրվա ընթացքում Կոնգրեսին ներկայացնել մանրամասն զեկույց «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախաձեռնության շրջանակներում միջոցների բաշխման և ձեռնարկված քայլերի վերաբերյալ։
Զեկույցում պետք է ներկայացվեն նախաձեռնության հիմնական գործընկերները, այդ թվում՝ ներդրողները, և նկարագրվի դաշնային գործակալությունների՝ օրինակ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) և ԱՄՆ առևտրի և զարգացման գործակալության (USTDA), դերը ենթակառուցվածքային և տնտեսական ծրագրերի իրականացման մեջ։
Հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո օրինագիծը պետք է քվեարկության դրվի Ներկայացուցիչների պալատի և Սենատի լիագումար նիստերում, որից հետո միայն կարող է ներկայացվել նախագահի ստորագրմանը։
