ԱՄՆ-ը կանգնեցրել է իրանական դրոշի տակ նավարկող բեռնանավը. Թեհրանը խոստացել է հակահարված տալ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան զինուժը կանգնեցրել է Իրանի դրոշի ներքո նավարկող «TOUSKA» բեռնանավը, երբ այն փորձել է անցնել ԱՄՆ-ի կողմից սահմանված Հորմուզի նեղուցի ծովային շրջափակումը։ Վաշինգտոնից հայտնել են, որ բեռնանավը գտնվում է ԱՄՆ-ի «լիարժեք վերահսկողության տակ»։
Թրամփը սոցիալական ցանցում գրածում նշել է, որ ամերիկյան կողմը նախապես զգուշացրել է նավի անձնակազմին դադարեցնել ընթացքը։ Նրա խոսքով՝ նավը գտնվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության պատժամիջոցների ներքո՝ կապված Իրանի նախկին ապօրինի գործունեության հետ։
Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարությունը, իր հերթին, ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ՝ պնդելով, թե Օմանի ծոցում ամերիկյան կողմը կրակ է բացել իրանական արտոնագրով առևտրային նավերից մեկի ուղղությամբ։ Թեհրանը հայտարարել է, որ կպատասխանի այդ քայլին՝ խոստանալով հակահարված։
Լարվածության սրացումը տեղի է ունենում Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ԱՄՆ–Իրան հնարավոր շփումների հեռանկարի ֆոնին։ Թրամփը նախօրեին հայտնել էր, որ ամերիկացի բանագնացներն այսօր կլինեն Իսլամաբադում՝ քննարկումների համար։ Սակայն Թեհրանից արձագանքել են, որ մինչ ԱՄՆ-ը Իրանին ենթարկում է ծովային շրջափակման, իրանական կողմը պատվիրակություն Իսլամաբադ չի գործուղի։
