Ալիև. երկու հասարակություններն արդեն զգում են խաղաղության իրական օգուտները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական և հայկական հասարակությունները «արդեն զգում են խաղաղության իրական օգուտները» տնտեսության, առևտրի և այլ ոլորտներում։ Նա այս մասին ասել է Գերնիկայի խաղաղության և հաշտեցման մրցանակը ստանալու առթիվ հղած ուղերձում՝ ընդգծելով, որ պաշտոնական Բաքուն միջոցներ է ձեռնարկում խաղաղությունը ամրապնդելու և այն գործնականում կյանքի կոչելու համար։
Ալիևի խոսքով՝ այսօր Ադրբեջանը երրորդ երկրներից իր տարածքով ապահովում է սեփական նավթամթերքի, ինչպես նաև ցորենի և այլ ապրանքների արտահանումը Հայաստան։ Նրա գնահատմամբ՝ նման փոխադարձ կապերը վկայում են խաղաղության գործընթացի ընձեռած հնարավորությունների մասին։ Նա առանձնացնել է նաև վստահության ամրապնդման միջոցառումների դերը՝ շեշտելով, որ դրանք կարևոր նշանակություն ունեն տևական խաղաղության հաստատման համար։
«Ադրբեջանի և Հայաստանի օրինակը վկայում է, որ չնայած ձգձգված հակամարտությանը, տառապանքներին և փոխադարձ անվստահությանը, խաղաղության կարելի է հասնել ուժեղ քաղաքական կամքի և միջազգային աջակցության առկայության դեպքում», նշել է Ալիևը։ Օրերս ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա։
Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե երբ երկու հարևան պետությունները կստորագրեն խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը, իսկ Բաքուն ՀՀ Սահմանադրությունը փոխելու պարտադիր պահանջ է դնում։
