Ալիևը քննադատեց Եվրախորհրդարանն ու Եվրոպայի խորհուրդը՝ «հայամետ» բանաձևերի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվից տեսակապով միանալով Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, կշտամբեց Եվրախորհրդարանն ու Եվրոպայի խորհուրդը՝ «հայամետ բանաձևերի» և «սադրիչ քայլերի» պատճառով։ Ալիևը պնդեց, թե այս կառույցները «թիրախավորում են Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից՝ 2021-ից մինչև 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը՝ այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ»,— հայտարարել է նա՝ հավելելով, որ եվրոպացի պատգամավորները դրա փոխարեն պետք է զբաղվեն եվրոպական ընտանիքի «հիմնարար խնդիրներով՝ միգրացիա, իսլամաֆոբիա, մրցունակության բացակայություն»։
Ավելի վաղ Եվրախորհրդարանը ընդունել էր Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը երկրի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ քայլերին։
Փաստաթուղթը առանձին կետով վերահաստատում է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։
Բանաձևը դատապարտում է նաև «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների անարդարացի կալանավորումը» և պահանջում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում։ Այդ բանաձևին արձագանքելով՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսը որոշել է խզել կապերը Եվրախորհրդարանի հետ։
Ալիևի վերջին հայտարարությունները համադրելի են Բաքվի այս քաղաքական դիրքորոշման հետ և ընդգծում են Բաքու–Բրյուսել հարաբերությունների լարվածությունը՝ Եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափում ընթացող քննարկումների ֆոնին։
