Ալիևը խոստացել է շարունակել Իրանի համար մարդասիրական օգնությունը. քաղաքական ուղերձ Թեհրանին

Ապրիլի 2-ի հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է շարունակել Իրանին տրամադրվող մարդասիրական օգնությունը, իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել դրա համար։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, աջակցության ծավալների և որակի մասին մանրամասներ չեն հրապարակվել, սակայն շփումը շեշտեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչը կարող է վկայել, որ Բաքվի դիրքավորման հարցով Թեհրանի «մտահոգությունները հիմնականում փարատված» են։
Նույն օրը Բաքվում գումարվել է Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների կառավարության ղեկավարների աշխատանքային հանդիպումը։ Թուրքիան ներկայացրել է փոխնախագահ Յըլմազը, իսկ Ալիևը, ընդունելով բարձրաստիճան հյուրերին, ընդգծել է, որ թուրքախոս պետությունները «մի ընտանիք» են։
Իրանի հարցում Անկարայի դիրքորոշումը հստակ է. Թուրքիան իսրայելա-ամերիկյան հարձակումը գնահատում է «ապօրինի» և սատարում է Իրանի տարածքային ու քաղաքական ամբողջականությանը։ Բաքվի իշխանական լրատվամիջոցները, անդրադառնալով հետկոնֆլիկտային շրջանում Իրանի հնարավոր տարածաշրջանային դերակատարությանը, շեշտել են, որ Ադրբեջանը Իրանի հետ «ընդհանուր աշխարհագրություն է կազմում», ինչը «անշուշտ վճռորոշ» է լինելու հետագա հարաբերությունների համար։
Ադրբեջանցի փորձագետները քննարկում են «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային և «Արաքսի միջանցք» ենթակառուցվածքների «փոխկապակցվածությունը». առաջին դեպքում խոսքը Ռուսաստանի, Իրանի և Պարսից ծոցի հաղորդակցության մասին է, երկրորդում՝ Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին ավտոմոբիլային ուղիղ կապով միացնելու հնարավորության։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը դեպի Եվրոպա բեռնափոխադրումներ կիրականացնեն ոչ թե ԱՄՆ-ի «կողմից վերահսկվող», այլ՝ Իրանի տարածքով անցնող ուղիներով։ Ըստ երևույթին, «Հյուսիս–հարավ» և «Արաքսի միջանցք» նախագծերի «փոխկապակցվածության» մասին պատկերացումը հենց այս ուղղությամբ է, որ հրապարակայնացվել է։
Թեև դժվար է ասել, թե արդյոք պաշտոնական Բաքուն տարածաշրջանի անվտանգության ու փոխկապակցվածության հարցում «խաղադրույք է դրել Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմավարական պարտության հավանականության վրա», փաստ է, որ մոտ մեկ ամիս առաջ Թեհրանին հասցեագրած կոշտ նախազգուշացումներից հետո Ալիևը այժմ խոստանում է շարունակել մարդասիրական օգնությունը։
Դիվանագիտական լեզվի ենթատեքստով դա նշանակում է պաշտոնական Թեհրանին քաղաքական աջակցություն ուղղելու ազդակ։
