ԱԺ նախագահը հրավերի դեպքում պատրաստ է այցելել Ադրբեջան, Գաֆարովային հրավիրում է Երևան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հարմար առիթի և հրավերի դեպքում պատրաստ է այցելել Ադրբեջան՝ միաժամանակ Երևան հրավիրելով իր ադրբեջանցի գործընկերոջը։ Լրագրողների հետ այսօրվա զրույցում Սիմոնյանը այդպես արձագանքեց հարցին, թե ինչու Ադրբեջանի նախագահը Հայաստան չէր եկել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
«Ես չգիտեմ՝ ինքն ինչու չեկավ»,— նշեց նա՝ հավելելով, որ ինքն էլ պատրաստվում է հարմար առիթի, եթե հրավեր լինի, այցելել Ադրբեջան։ ԱԺ նախագահի խոսքով՝ հրավեր է հասցեագրում Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային՝ այցելելու Երևան։ Սիմոնյանի հայտարարությունը հնչեց այն ֆոնի վրա, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հույս ունի երկու տարի անց մասնակցել Բաքվում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
