Ադրբեջանի տարածքով ռուսական ցորեն և պարարտանյութ է առաքվել Հայաստան, հայտնի են ընդհանուր ծավալները

Ռուսաստանից Հայաստան նոր բեռ է հասել Ադրբեջանի տարածքով. ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ 7 վագոնից բաղկացած շարժակազմով առաքվել է 279 տոննա ցորեն և 203 տոննա պարարտանյութ։ Ըստ նույն աղբյուրի՝ այսօրվա դրությամբ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տարանցվել ընդհանուր առմամբ 25 հազար տոննա ցորեն, 1 600 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։
Տարանցիկ բեռափոխադրումները ակտիվացել են այն բանից հետո, երբ անցած տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»։ Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն։
Նույն ամսում Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել էին Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը։ Դեկտեմբերին, Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ, Հայաստան ներկրվել էր շուրջ 1 300 տոննա ադրբեջանական բենզին։
Երեկ Աղվերանում, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ կայացած հանդիպման շրջանակում, կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումները, ինչպես նաև տարանցիկ փոխադրումների հետ կապված հարցեր։
